Սիրելի հավատավոր ժողովուրդ,
սրտանց շնորհավորում եմ ձեզ մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնի՝ Վարդավառի առթիվ։
Սա տոն է, որի մեջ փայլում է Աստվածային լույսը։ Այն հիշեցնում է մեզ Տիրոջ փառավոր պայծառակերպությունը Թաբոր լեռան վրա, երբ աշակերտներն արժանացան տեսնելու Նրա Աստվածային էության մի փայլատակող ճառագայթը։ Այդ տեսիլքով հայտնվեց Տիրոջ գերազանցությունը, այն փառքը, որ ուներ նախքան աշխարհի արարումը։
Տոնը պատգամում է մեզ, որ ճշմարիտ հավատքով ապրող մարդը ևս կարող է մասնակից լինել Աստծո լույսին, Նրա զորությանն ու փառքին։ Այսօր, երբ աշխարհում մութը հաճախ գերիշխում է, պայծառակերպության պատգամն ավելի քան երբևէ կարևորվում է՝ որպես ոգեշնչող կանչ դեպի լույսը, դեպի հավատը, դեպի Աստծո անմար ճշմարտությունը։
Սակայն ցավով պիտի նշենք, որ այս հոգեշունչ օրը նշում ենք մի իրականության մեջ, երբ Հայոց Եկեղեցին՝ մեր ինքնության ու հոգու ամրոցը, ենթարկվում է աննախադեպ հալածանքների։ Եվ առավել ցավալի ու ողբալի է, որ այդ հալածանքները գալիս են ոչ թե օտարից, այլ մեր իսկ իշխանություններից։
Սա լրջագույն փորձություն է՝ թե՛ հավատքի, թե՛ ազգային գիտակցության համար։ Բայց հավատքով ապրող հայը չի վախենում փորձություններից, որովհետև գիտի՝ «և այս վեմի վրա պիտի շինեմ իմ եկեղեցին, և դժոխքի դռները չեն հաղթահարելու այն» (Մատթեոս 16:18)։
ՈՒստի, եղբայրներ և քույրեր, մեզ մնում է մեկ ուղի՝ կանգնել անսասան ու առանց երկմտանքի Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և նրա Օրինավոր Գլխի՝ Վեհափառ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողքին։ Մեր հավատարմությունը դեպի Եկեղեցին, մեր Քրիստոնեական ու ազգային կաթիլ-կաթիլ կերտված ժառանգությունը պիտի դառնան մեր հաղթանակի բանալին։
Թող Պայծառակերպված Տերը պայծառացնի նաև մեր հոգիները, զորացնի մեր հավատքը, միավորի մեր ժողովրդին ճշմարիտ լույսի շուրջ, որպեսզի միասին կարողանանք հաղթահարել բոլոր խավարները։
Շնորհավոր տոնդ, Հայ ժողովուրդ։ Թող Քրիստոսի Լույսը վառ լինի քո սրտում, քո ընտանիքում, քո Եկեղեցում և քո հայրենիքում։
Արթուր ՎԱՐԴԱՆՅԱՆ
Հ.Գ.
Արթուր Վարդանյանն իր քաղաքական հայացքների համար այս ռեժիմի կողմից դատապարտվել է ազատազրկման: